TUMO S T U D I O S

Հրապարակային օֆերտա/Ընդհանուր դրույթներ և պայմաններ

«Թումո ստուդիաներ» ծրագրին անդամակցելու վերաբերյալ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․1․ Սույն հրապարակային օֆերտայով (այսուհետ՝ նաև Պայմաններ) կարգավորվում են «Թումո ստուդիաներ» ծրագրին (այսուհետ՝ Ծրագրին) անդամակցության իրավունք ունեցող անձանց (ծրագրի շահառուների) (այսուհետ նաև՝ անդամ), նրանց ներկայացուցիչների և ծրագիրն իրականացնող Սիմոնյան կրթական հիմնադրամի (այսուհետ՝ Թումո) միջև ծագող հարաբերությունները, որի շրջանակներում ծրագրի շահառուները հնարավորություն կստանան մասնակցել Թումոյի կողմից կազմակերպվող կրթական Ծրագրերին։

1․2․ Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում խթանել տարբեր արհեստագործական ուղղությունների և խոհարարական դպրոցի զարգացումը։

1․3․ Ծրագիրն իրականացվում է Թումոյի կողմից սահմանված վայրում, ժամանակացույցին համապատասխան, որը Թումոյի կողմից ժամանակ առ ժամանակ կարող է միակողմանիորեն փոխվել։

1․4․ Ծրագրի շահառուն ակցեպտավորելով սույն օֆերտան հավաստում է, որ պարտավորվում է ենթարկվել Թումոյի կողմից հաստատված կարգերին, ընթացակարգերին և կանոնակարգերին (այսուհետ նաև՝ Կանոնակարգ(եր)), ինչպես նաև պահպանել այդ Կանոնակարգերի պահանջները։

1․5․ Թումոն Ծրագրի շահառուի նկատմամբ հսկողություն իրականացնող հաստատություն չի համարվում։

 

2․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2․1․ Ծրագիրն իրականացվում է Թումոյի կողմից հաստատված ժամանակացույցով, սահմանված տևողությամբ, բովանդակությամբ և վայրերում։

2․2․ Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական ոլորտները․

  1. Ոսկերչություն,
  2. Նորաձևություն,
  3. Տպագրություն,
  4. Խեցեգործություն,
  5. Ասեղնագործություն,
  6. Խոհարարական դպրոց,
  7. Փայտյա, մետաղյա, քարե, կերամիկական, թղթյա իրերի պատրաստում:

2․3․ Ծրագրի ռեսուրսներն են Թումո ստուդիաների տարածքը, գույքը՝ ներառյալ համակարգչային և տեխնիկական սարքավորումները, համակարգչային ծրագրերը, արտոնագրերը, մարդկային ներուժը և այլն, որոնց միջոցով ապահովվում է ծրագրի իրականացումը (այսուհետ՝ Ծրագրի ռեսուրսներ)։

 

3․ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3․1․ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ծրագրի շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը ակցեպտավորի սույն առաջարկը։ Առաջարկի ակցեպտավորումը կարող է իրականացվել գրավոր փաստաթուղթ ստորագրելու կամ Թումոյի կայքում էլեկտրոնային գրանցում անցնելու, համապատասխան փաստաթղթերի նկարներ (սկաններ), պատճեններ տրամադրելու, սույն առաջարկը էլեկտրոնային ձևով ակցեպտավորելու կամ այլ կոնկլյուդենտ գործողությունների միջոցով։

3․2․Թումոյի անդամը/անդամի ներկայացուցիչը Ծրագրի իրականացման ժամանակացույցի, ժամանակացույցով սահմանված օրվա և ժամի փոփոխության մասին նախապես տեղեկացվում է սույն Պայմաններում նախատեսված ծանուցման ձևով։

3․3․ Թումոյի անդամին/ներկայացուցչին ծանուցումները և/կամ որևէ տեղեկացում տրվում է տեսանելի վայրերում տեղադրված հեռուստաէկրաններով, հեռախոսային ավտոմատացված համակարգի միջոցով և/կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով (email) և Պայմաններով սահմանված կարգով: 

3․4․ Ակցեպտավորելով սույն Պայմանները՝ անդամը տալիս է իր համաձայնությունը առ այն, որ Ծրագրի շրջանակներում կամ դասընթացների ընթացքում Թումոյի անդամի կողմից անհատապես կամ համահեղինակությամբ ստեղծված բոլոր ծրագրերի, աշխատանքի արդյունքների, դիզային, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ գույքային իրավունքները փոխանցվում է Թումոյին,  որոնք Թումոն իրավունք ունի իր հայեցողությամբ, իր համար ընդունելի ձևով տիրապետել, վերամշակել, օգտագործել կամ տնօրինել:

3․5․ Ծրագրին Թումոյի անդամի մասնակցությունը կարող է Թումոյի կողմից միակողմանիորեն և անժամկետ կասեցվել։ Այս դեպքում Թումոյի անդամը իրավասու չէ հաճախել Թումոյի տարածք և օգտվել Ծրագրի ռեսուրսներից՝ մինչև կասեցման ժամկետի ավարտը:

3․6․ Թումոյի անդամի կողմից Կանոնակարգի կամ Ծրագրի ռեսուրսներից օգտվելու կարգի պահանջները խախտելու դեպքում, նրա նկատմամբ Թումոն կարող է հայտարարել նախազգուշացում, որոշակի ժամկետով միակողմանի կասեցնել նրա անդամակցությունը կամ միակողմանի դադարեցնել նրա անդամակցությունը Ծրագրին։

3․7․ Թումոյի անդամը պետք է հարգալից վերաբերմունք դրսևորի Թումոյի անձնակազմի, Թումոյի այլ անդամների նկատմամբ, հարգի այլոց պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև հայացքներն ու համոզմունքները։

3․8․ Թումոյի անդամը պետք է խնամքով վերաբերվի իր կողմից օգտագործվող գույքին և շահագործի այն նպատակային նշանակությանը համապատասխան՝ առանց Թումոյի (գույքին) և այլ անձանց վնաս պատճառելու, հակառակ դեպքում ներկայացուցիչ(ներ)ը և Թումոյի անդամը ենթակա են գույքային պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3․9․ Թումոյի տարածք սահմանված օրը և ժամին հաճախել չկարողանալու դեպքում Թումոյի անդամը պետք է նախապես տեղեկացնի` նշելով բացակայելու հարգելի պատճառը:

3․10․ Թումոյի անդամը կարող է իր հետ Թումոյի տարածք ներս բերել ուտելիք, ոչ ալկոհոլային ըմպելիք, այդ թվում նաև ջուր՝ միայն ճաշարանի համար նախատեսված վայրում դրանցից օգտվելու պայմանով։

 

4․ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

4.1. Թումոն ձեռնարկում է իրենից կախված լավագույն ջանքերը, որպեսզի կրթական գործընթացի կազմակերպման վայրում ապահովի անդամների անվտանգ գտնվելու համար օրենքով սահմանված պահանջները, բայց և այնպես Թումոն պատասխանատվություն չի կրում Թումոյի տարածքում գտնվելու ժամանակ անդամի կրած կամ անդամի կողմից այլ անձանց պատճառած վնասի համար։ 

4․2․ Թումոն անդամի և/կամ նրա ներկայացուցչի առջև պատասխանատվություն չի կրում, Թումոյի տարածքում անդամի գույքը կորելու, փչանալու կամ ոչնչանալու դեպքերում։

4.3. Թումոյի տարածքում գտնվելու ժամանակահատվածում առանց Թումոյի մեղքի առկայության անդամի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար Թումոն պատասխանատվություն չի կրում։

4.4. Թումոն իրավասու է հետևել Թումոյի անդամի կողմից Պայմանների, Կանոնակարգերի և Ծրագրի ռեսուրսներից օգտվելու պահանջների պահպանմանը։

4.7. Ներկայացուցիչը/ները երաշխավորում է/են, որ անդամի կողմից պատճառված վնասի համար իրենք կրելու  են համապարտ պատասխանատվություն։

4.8. Ներկայացուցիչը/ները Թումոյի հետ հարաբերություններում հանդես է/են գալիս ինչպես անդամի անունից, այնպես էլ իրենց անունից։ Ներկայացուցիչներից մեկի գործողությունը համարվում է նաև մյուս ներկայացուցչի անունից կատարված գործողություն։

4.9. Անդամի կամ ներկայացուցչի կողմից Թումոյի դասընթացների շրջանակներում ստեղծված ծրագրերը, աշխատանքները, դիզայնը և մտավոր սեփականության այլ օբյեկտները, ինչպես անդամակցության ընթացքում, այնպես էլ անդամակցությունը դադարեցնելուց հետո, առանց Թումոյի գրավոր թույլտվության չեն կարող օգտագործվել, վերամշակվել կամ փոխանցվել երրորդ անձանց։ Անդամը Թումոյի դասընթացների շրջանակներում ստեղծված ծրագրերը, աշխատանքները և մտավոր սեփականության այլ օբյեկտների հեղինակ լինելու մասին տեղեկությունը կարող է օգտագործել շահույթ ստանալու հետ չկապված նպատակներով, պայմանով որ յուրաքանչյուր դեպքում հստակ նշի, որ այդպիսիք ստեղծվել են Թումոյի դասընթացների շրջանակներում և այդպիսիք առանց Թումոյի համաձայնության չեն կարող օգտագործվել։ Սույն կետով սահմանված պարտականությունը խախտելու դեպքում, Թումոյի գրավոր պահանջով, անդամից և/կամ ներկայացուցչից/ներից համապարտության կարգով հօգուտ Թումոյի որպես տուգանք կարող է բռնագանձվել 100,000.00  (հարյուր հազար) ՀՀ դրամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև Թումոյին պատճառված վնասները։

4․10․ Անդամի կողմից Թումոյին դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքում այն փոխհատուցելու համար Թումոյի գրավոր պահանջը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում անդամը/կամ ներկայացուցիչը/ները պարտավոր են հատուցել պատճառված վնասն ամբողջությամբ։

 

5․ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՏՐՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ

5․1․ Թումոյի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը հավաստում են, որ Թումոյի անդամը չունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել Ծրագրին անդամի մասնակցությանը։ Նման խնդիրների առկայության դեպքում ներկայացուցիչը պարտավոր է դրանց մասին տեղեկացնել Թումոյին և Թումոյի համաձայնության դեպքում, ներկայացուցչի համատեղ մասնակցության պայմաններում անդամը կարող է օգտվել Ծրագրից։ Նշված խնդիրների պատճառով Թումոյի տարածքում գտնվելու ժամանակահատվածում Թումոյի անդամի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար Թումոն պատասխանատվություն չի կրում:

5․2․ Թումոյի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը հավաստում են, որ ծանոթացել են Կանոնակարգին, Պայմաններին և համաձայն են դրանցում ամրագրված դրույթներին։

5․3․ Թումոյի անդամը և նրա ներկայացուցիչները տալիս են իրենց համաձայնությունն առ այն, որ Թումոն իրավասու է անդամակցության ընթացքում իրականացնել նկարահանումներ, հրավիրել հարցազրույցներ, ինչպես նաև Թումոյի անդամի լուսանկարները, տեսաձայնագրություններն օգտագործել ԶԼՄ-ներով, սոցիալական կայքերով և հրապարակային այլ ձևով:

5․4․ Ընդունելով սույն հրապարակային օֆերտան Թումոյի անդամը և նրա ներկայացուցիչը ընդունում են Թումոյի Գաղտնիության քաղաքականությունը և համաձայնություն են տալիս նշվածի շրջանակներում իրենց մասին անձնական տվյալներ հավաքագրել, մշակել և օգտագործել։

5․5․ Ընդունելով սույն հրապարակային օֆերտան՝ Թումոյի անդամը և նրա ներկայացուցիչը ընդունում են, որ որոշ դասընթացներ կարող են իրականացվել Թումոյի տարածքից դուրս և սույն օֆերտայի ակցեպտավորմամբ տրամադրում եմ իրենց համաձայնությունն այն մասին, որ անդամը կարող է մասնակցել նման դասերին։ 

5․6․ Թումոյի անդամը և ներկայացուցիչը տալիս են իրենց համաձայնությունն առ այն, որ որոշ դասընթացների համար անդամին հատկացվեն Թումոյին սեփականության իրավունքով պատկանող համակարգիչ, լուսանկարահանման սարք և այլ սարքավորումներ, որոնց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում անդամը և/կամ ներկայացուցիչը։ Նշված սարքավորումների անդամին հանձնելու փաստը կարող է հավաստվել Թումոյի և անդամի միջև կնքվող ընդունման հանձնման ակտով, տեսաձայնագրություններով և օրենքով չարգելված այլ եղանակներով։

 

6․ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

6․1․ Սույն պայմանների, Կանոնակարգի, Թումոյի անդամի, ներկայացուցչի, ներկայացուցիչների հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխությունները և լրացումները կատարվում են Թումոյի կողմից միակողմանիորեն։

6․2․ Թումոյի անդամի և ներկայացուցչի, ներկայացուցիչների համար սույն պայմանների, Կանոնակարգի, Թումոյի անդամի, ներկայացուցչի, ներկայացուցիչների հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխությունները և լրացումները պարտադիր են դառնում նրանց կողմից դրանց մեկ օրինակը ստանալու կամ Թումոյի www.tumostudios.com կայքում հրապարակվելու հաջորդ օրվանից։

6․3․ Թումոյի տարածքի և Ծրագրի վերաբերյալ տեղեկություններին Թումոյի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը իրազեկվում են Թումոյին պատկանող www.tumostudios.com կայքի միջոցով: Անկախ նրանից, Թումոյի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը փաստացի ծանոթացել են կայքում հրապարակված տեղեկությանը թե ոչ, կայքում հրապարակվելու հաջորդ օրվանից նրանք համարվելու են իրազեկված։

6․4․ Թումոն իրավասու է միակողմանիորեն դադարեցնել Թումոյի անդամի մասնակցությունը Ծրագրին՝ Պայմաններում նշված ծանուցման կարգով այդ մասին իրազեկելով անդամին և/կամ ներկայացուցչին: